Հայաստանում ևս մեկ ուսուցչուհի է ձերբակալվել՝ երեխային հարվածելու համար

Հայաստանում ևս մեկ ուսուցչուհի է ձերբակալվել՝ երեխային հարվածելու համար, այս անգամ՝ Սյունիքի մարզում։

Ոստիկանության հաղորդմամբ՝ Սիսիանում 55-ամյա ուսուցչուհին դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ Դեպքը հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։

Տղայի մայրը ոստիկանությունում հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ Այդուհանդերձ, ուսուցչուհին ձերբակալվել է, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ավելի վաղ Գեղարքունիքի Վարդաձոր գյուղի դպրոցում երկրորդ դասարանի աշակերտուհուն հարվածելու համար ձերբակալելու որոշում էր կայացվել մեկ այլ ուսուցչուհու նկատմամբ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել էր երեխային, ապա միջանցքում ձեռքով հարվածելով՝ քաշելով վերադարձրել դասասենյակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դպրոցներում բռնության նոր դեպքեր․ Վարդաձորում՝ երկրորդ դասարանցի, Բերդավանում՝ 13-ամյա աշակերտ


Այդ դեպքով ևս քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ Կրթության նախարարությունը գործընթաց է սկսել ուսուցչուհուն մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու համար։