Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու ծրագրերի մասին

Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ որպես տարածաշրջանի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը՝ ապահովելով բեռնափոխադրումները «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջազգային միջանցքներով։ Այս մասին Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալն աճել է 10 տոկոսով՝ հասնելով գրեթե 8 միլիոն տոննայի։

«Մեր նպատակն է միջնաժամկետ հեռանկարում Ադրբեջանի տարածքով «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» երթուղիներից յուրաքանչյուրով բեռնափոխադրումների ծավալը հասցնել 15 միլիոն տոննայի», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ԱՊՀ-ում իր երկրի առաջիկա դերակատարությանը։ Նա շնորհակալություն է հայտնել 2027 թվականին Ադրբեջանի համանախագահությունը հաստատելու որոշմանն աջակցելու համար՝ դա համարելով երկրի նկատմամբ բարձր վստահության դրսևորում։

«Ադրբեջանը պատրաստ է նաև 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը և նույն տարվա աշնանը կազմակերպել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը», - հայտարարել է Ալիևը։

Խոսելով ԱՊՀ հիմնադրման 35-ամյակի մասին՝ նա նշել է, որ կազմակերպությունն անցած տարիներին դարձել է քաղաքական երկխոսության, փոխշահավետ համագործակցության և անդամ երկրների միջև կապերի ամրապնդման կարևոր հարթակ։

Թուրքմենստանի Ավազա հանգստավայրում անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՊՀ անդամ մյուս երկրների ղեկավարները։ Ընդլայնված կազմով նիստին առաջին անգամ մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ որպես հրավիրված հյուր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի նիստը