Երևանում տեղի է ունեցել քննարկում Հայաստանի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգման վերաբերյալ։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանի և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպմանը մշակվել և համաձայնեցվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են ռեակտորային կայանքի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։
Հայտարարությունում նշվում է, որ կայան է մատակարարվել է ավելի քան 500 միավոր սարքավորում և նյութ, արդիականացվել է անվտանգության համակարգը՝ պատասխանատու սպառողների ապահովման համակարգը։ Իրականացվում է նաև ռեակտորի կայանի մետաղի մոնիթորինգի ծրագիր։
Քննարկման մասին հայկական կողմը դեռ չի հաղորդում:
Սեպտեմբերի վերջին էլ Հայաստանում էր «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը: Նա Հայաստանին առաջարկ է արել ВВЭР-1000 բլոկի կառուցման վերաբերյալ:
ВВЭР-1000-ը ջրով սառեցվող ջրային ռեակտոր է (Водо-водяной энергетический реактор)՝ 1000 ՄՎտ նոմինալ էլեկտրական հզորությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսեյ Լիխաչյովը քննարկել էին Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։