ԱՄՆ-ում օտարերկրյա ուսանողներից աշխատանքի թույլտվության համար կարող են 70 հազար դոլար պահանջել

Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկում է կտրուկ բարձրացնել ԱՄՆ-ում սովորող օտարերկրացիների աշխատանքի թույլտվություն ստանալու վճարները։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացրած նախագծով՝ F-1 ուսանողական վիզա ունեցող օտարերկրացիները մասնագիտական աշխատանքային պրակտիկային մասնակցելու համար պետք է վճարեն 70 հազար դոլար, իսկ լրացուցիչ պրակտիկայի համար՝ ևս 30 հազար։ Ներկայում նման ծրագրերին մասնակցելու վճարը շուրջ 500 դոլար է։

Խոսքը OPT ծրագրի մասին է, որը միջազգային ուսանողներին հնարավորություն է տալիս աշխատել ԱՄՆ-ում ուսման ընթացքում և ավարտելուց հետո՝ սահմանված ժամկետով։

Նախարարությունը փոփոխությունը հիմնավորում է ներգաղթի համակարգում խարդախությունների դեմ պայքարելու և ամերիկացի աշխատողների շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Առաջարկը դեռ ուժի մեջ չի մտել։ Նախատեսված է հանրային քննարկման 30-օրյա ժամկետ, որից հետո այն կարող է վերջնական հաստատում ստանալ։ Հաստատվելու դեպքում նոր կարգավորումը կգործի ևս 60 օր անց։