Ի՞նչ խնդիր է դրված եկեղեցու հարցով հանձնաժողովի առջև. Փաշինյանը բացահայտում է կուսակիցների առաջադրանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է պատարագի, որը մատուցում է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ դուրս եկած եպիսկոպոսներից Նավասարդ Կճոյանը, 30-ը նոյեմբերի, 2025 թ.

Եկեղեցու հարցերը քննող խորհրդարանական հանձնաժողովի խնդիրն է օրենսդրական առաջարկություններ ներկայացնել, որոնք «կլուծեն առաջացած ճգնաժամը և երկարաժամկետ հիմքեր կստեղծեն, որպեսզի նման ճգնաժամեր չլինեն», այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ խոսելով իր կուսակիցների ջանքերով ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովի աշխատանքից:

Չնայած Մայր Աթոռի, ընդդիմադիրների ու մի շարք իրավապաշտպանների քննադատությանը, թե խորհրդարանը իրավասու չէ քննելու եկեղեցու խնդիրները, քանի որ Հայաստանում եկեղեցին ու պետությունը անջատ են, Փաշինյանն արդարացրեց հանձնաժողովի ստեղծումը՝ հղում անելով Սահմանադրությանը, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:

Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողովի կազմում միայն ՔՊ-ականներ են, ընդդիմությունն այն բոյկոտել է, նախագահը մասնագիտությամբ իրավաբան, պատգամավոր Արմանն Եղոյանն է:

Վարչապետը, որ մեկ տարուց ավելի փորձում է գահից հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին, ասաց՝ հանձնաժողովականները երեք ուղղությամբ են աշխատելու. ըստ նրա՝ նախ պետք է երաշխավորվի եկեղեցու կառավարման «ժողովական սկզբունքը»:

«Ի՞նչ է ժողովական սկզբունքը․ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի՝ եկեղեցին հոգևորականները չեն, եկեղեցին հավատացյալ հանրությունն է, որի մեջ մտնում են նաև եկեղեցականները, հոգևոր դասի ներկայացուցիչները։ Հայաստանում պետք է օրենսդրական երաշխիքներ լինեն, որ ծխական խորհուրդները և թեմական խորհուրդները պատշաճ ձևով գործում են, և իրենց լիազորություններն իրականացնելու մեխանիզմներ կան», - ասաց վարչապետը:

Ազգային եկեղեցական ժողովն է ընտրում կաթողիկոսին, ընդունում եկեղեցու Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները:

Գարեգին երկրորդը դատարանում: Այս տարի՝ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ Առաքելական եկեղեցու հովվապետը կանգնեց դատարանի առաջ՝ դատական ակտը չկատարելու համար:

Քննիչ հանձնաժողովի մյուս խնդիրը կլինի Ազգային եկեղեցական ժողովի կողմից հոգևորականների բարեվարքության կանոնների մշակումը. - «Եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները՝ ինչ ուզում են․ ընդհուպ կուսակրոնության հետ կապված հարցերը, իրենք՝ Ազգային եկեղեցական ժողովը կամ Եպիսկոպոսաց ժողովը, թող առաջարկ անի, ուզո՞ւմ են կուսակրոնության ինստիտուտը պահեն՝ շատ լա՛վ, ամենայն հարգանքով, չեն ուզո՞ւմ պահել՝ էլի շատ լավ: Բայց ինչ էլ ընդունեն, պետք է լինեն մեխանիզմներ և երաշխիքներ, որ այդ ընդունված կանոնները կպահպանվեն, և չպահպանվելու դեպքում կհետևի համապատասխան հետևանք»:

1999 թվականին կաթողիկոս ընտրված Գարեգին երկրորդը հրաժարական տալու ոչ մի ակնարկ չի արել, իսկ վարչապետի քայլերը համարում է ուղիղ միջամտություն պետությունից անկախ կրոնական կազմակերպության գործերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հակասահմանադրական է». Մայր Աթոռում քննարկել են ՔՊ-ի ստեղծած քննիչ հանձնաժողովի հարցը

Քննիչ հանձնաժողովի անդամները, ըստ Փաշինյանի, նաև սոցիալական երաշխիքների համակարգ կմշակեն հոգևոր ծառայողների համար. - «Այսօր քահանան չի կարող եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք բերել, չնայած Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր այդ բանից օգտվում են, այդ պրոցեսից և ծրագրից օգտվում են․ առողջության ապահովագրության համընդհանուր համակարգից իրենք չեն կարող օգտվել, որովհետև իրենք այդ համակարգի մեջ, եկամտային հարկի համակարգի մեջ չկան»: