Նախօրեին խուլիգանության մեղադրանքով ձերբակալված «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով:
Նրա փաստաբանը նաև հայտնել է, որ Դանիելյանին առաջադրված խուլիգանության մեղադրանքը լրացվել է ևս մի քանի դրվագով: Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ խուլիգանություն են որակվել Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումները: Ավելացել է ևս մեկ հոդված՝ դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը:
Փաստաբանը հայտնել է, որ երկրորդ մեղադրանքը վերաբերում է «ԱԱԾ-ին արատավորելուն»: Այս հոդվածներով մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսված:
Մեղադրանքն առաջադրած Քննչական կոմիտեն դեռ մանրամասներ չի հայտնել այս քրեական գործից: Դանիելյանը հայտնի է իշխանությանը քննադատող սոցցանցային գրառումներով:
Ձերբակալվելուց ժամեր առաջ նա «Ֆեյսբուք»-ում «վիժվածք» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերով Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների փոխանակման մասին նրա մեկնաբանությունը: Վարչապետը, մասնավորապես, ասել էր. - «Ենթադրենք, ասում ենք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, բա որ մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու»:
Ավելի վաղ էլ Դանիելյանը պնդել էր, թե Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը միայնակ չի եղել և «դիվերսիոն խմբի երկու անդամները բարեհաջող լքել են Հայաստանի տարածքը»:
Վարչապետը «անհեթեթություն և լեգենդ» է որակել Ադրբեջանից դիվերսիոն ներթափանցման մասին քննարկումները: Ըստ պաշտոնական Բաքվի՝ զինծառայող Նասիմի Մուսաևը ինքնակամ լքել է զորամասը: