Թրամփի անունով բարձրավոլտ գիծը կկապի Ռումինիայի ու Մոլդովայի էներգահամակարգերը

Ռումինիան և Մոլդովան կապող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը կկոչվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով՝ «Թրամփի ազատության գիծ» (Trump Liberty Line), հայտարարել է Քիշնևում ԱՄՆ դեսպանատունը:

X սոցիալական ցանցում հրապարակված գրառման համաձայն՝ նախագիծն իրականացվում է ԱՄՆ կառավարության 130 միլիոն դոլարի ներդրման աջակցությամբ և միտված է Մոլդովայի էներգետիկ անվտանգության ու անկախության ամրապնդմանը։ Խոսքը Strășeni–Gutinaș 400 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի մասին է, որը նոր կապ կապահովի Մոլդովայի և Ռումինիայի էներգահամակարգերի միջև։

Մոլդովայի կառավարության խոսնակ Դումիտրու Չիորիչին Reuters-ին հայտնել է, որ Քիշնևն աջակցում է այն ծրագրերին, որոնք բխում են Մոլդովայի քաղաքացիների շահերից, հատկապես՝ երկրի անվտանգությունն ու էներգետիկ ենթակառուցվածքն ապահովող նախաձեռնություններին։

Բուխարեստը ևս կարևորել է Վաշինգտոնի աջակցությունը նախագծին։ Ռումինիայի կառավարության խոսնակ Իոանա Դոգիոյուն նշել է, որ «այն փաստը, որ Միացյալ Նահանգներն աջակցում և ֆինանսավորում է Ռումինիայի և Մոլդովայի միջև փոխկապակցման նախագծերը, միայն վերահաստատում է դրանց ռազմավարական նշանակությունը»։

Մոլդովան Եվրոպայի ամենաաղքատ երկրներից է և միաժամանակ Եվրամիության անդամակցության թեկնածու։ Երկիրը էլեկտրաէներգիայի զգալի մասը ներկրում է Ռումինիայից և Ուկրաինայից։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ ռուսական հարձակումները, սակայն, բազմիցս խաթարել են էներգամատակարարումները՝ Մոլդովայի համար առավել հրատապ դարձնելով մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումն ու Ռումինիայի հետ էներգետիկ կապերի ամրապնդումը։

Reuters-ը նշում է, որ սա Թրամփի անունը կրող կամ նրա անվան հետ կապվող նախագծերից հերթականն է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի անունով է կոչվել Հայաստանի տարածքով նախատեսվող տրանսպորտային նախագիծը՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity՝ TRIPP): Լեհաստանում էլ նախատեսվում է նրա անունը տալ ամերիկյան ռազմակայանին։