Երեխային հարվածած ուսուցչին ձերբակալելու որոշում է կայացվել

Դպրոցի տեսախցիկի կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է ուսուցիչը հարվածում 2-րդ դասարանցուն:

Գեղարքունիքի Վարդաձոր գյուղի դպրոցում երկրորդ դասարանի աշակերտուհուն հարվածած ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ուսուցչուհին, ըստ Քննչականի, դասի ժամանակ խոսելու համար է ցուցափայտով հարվածել աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։

Տեղի ունեցածից մեկ շաբաթ անց հարուցվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով:

Երեխայի նկատմամբ բռնության դեպքին իրավապահներն ու Կրթության նախարարությունը արձագանքեցին լրատվամիջոցների հրապարակումներից հետո: Կրթական գերատեսչությունը իր հերթին այսօր հայտնեց, որ ուսուցչին մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու գործընթաց է նախաձեռնում:

Մինչ այդ երեխայի ընտանիքը դիմել էր մարզպետարան, որտեղից, ըստ հարազատների, պատասխանել էին՝ որպեսզի ուսուցիչն ազատվի աշխատանքից, գոնե 7 ծնողի բողոք է պետք: