«Ում կարողացան ճնշել, ճնշել են»․ Արթիկում ընդդիմադիրները ճնշումներից են խոսում, Ախուրյանում ՔՊ-ն մրցակից չունի

Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում թեժ ընտրություններ են սպասվում։ Խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 4 քաղաքական ուժ է մասնակցում։

Իշխող ՔՊ-ն մինչև վերջերս այստեղ «Ազատական» կուսակցության հետ կոալիցիոն կառավարում էր իրականացնում, սակայն ընտրություններից մի քանի ամիս առաջ կոլաիցիան խզվեց:

Հիմա ՔՊ-ի 81 հոգանոց ցուցակը գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանն է գլխավորում, ասում է՝ այս անգամ կոլաիցայի կարիք դժվար լինի:

«Լիահույս եմ, որ ժողովուրդը մեր աշխատանքի գնահատականն ամսի 25-ին տալու է», - ասաց Ոսկանյանը։ Իսկ հարցին՝ եթե, այնուամենայնիվ, կոալիցիա կազմելու անհրաժեշտություն առաջանա, Ոսկանյանը պատասխանեց․ - «Նույնիսկ էս պահին չեմ էլ ուզում մտածել»։

Գործող ավագանու կազմից առաջադրվել է նաև ընդդիմադիր «Ապրելու երկիրը»: «Նախորդ ընտրություններում չկարողացանք հաղթել, քանի որ ճանաչման խնդիր ունեի», - ասում է ցուցակը գլխավորող Արթուր Աստոյանը, ով այս քվերակությունից առավել մեծ ակնկալիքներ ունի։ Միաժամանակ պնդում է, թե ընտրություններից շաբաթներ առաջ արդեն իրենց նկատմամբ ճնշումներ են սկսվել, հատկապես՝ նախընտրական ցուցակները կազմելու ժամանակ։

«Ցուցակների վրա են շատ ազդեցություն ունեցել։ Ում մենք ընդգրկել էինք ցուցակ, գնացել են, տարբեր ձևերով, խողովակներով, ուզեցել են դուրս հանել»,- ասաց Աստոյանը և հավելեց․- «Որոշ մարդկանց մոտ ստացվել է․ ում կարողացան ճնշել՝ ճնշել են»։

Նույն խնդրի մասին նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության Արթիկի համայնքապետի թեկնածու, սպորտի նախկին նախարար Լևոն Վահրադյանն է բարձրաձայնում:

Առաջին անգամ ՏԻՄ ընտրություններին մասնակցող Վահրադյանն այս պայմաններում ընդդիմադիր դաշտում հետագա կոլաիցա կազմելը չի բացառում․ - «Մենք էլ ենք խնդիրներ ունեցել ցուցակի համալրման հետ կապված։ Մարդիկ առաջադրվել են, հետո խնդրել՝ իրենց թեկնածությունը հանենք»։

Ընտրական գործընթացներում ամենամեծ փորձ ունեցող Արթիկի նախկին համայանքապետ, ԱԺ նախկին հանրապետական պատագամավոր Մխիթար Վարագյանը ևս մասնակցում է այս ընտրություններին: Վարագյանը նախորդին «Արդարություն» ու «Քաղաքացու որոշում» կուսակցությունների «Միասնական Արթիկ» Դաշինքով մասնակցեց: Արդյունքում դարձան ավագանու մեծությամբ 2-րդ ընդդիմադիր ուժը:

Ինչո՞ւ է որոշել այս անգամ քաղաքական այլ ուժով է առաջադրվել. - «Ոչ թե խնդիրը փոխելու մեջ է, այլ ավելի ճիշտ կլիներ, որ ՏԻՄ ընտրությունները չկուսակցականացնեին։ Ես անկուսակցական եմ և ես որևիցէ կուսակցության շահեր չեմ սպասարկում։ Ես եկել եմ իմ ժողովրդի շահերը սպասարկեմ»,- պնդում է Վարագյանը։

Ի տարբերություն Արթիկի, Շիրակի մարզի երկրորդ խոշորացված համայնքում՝ Ախուրյանում, հոկտեմբերի 25-ին ընտրություն, որպես այդպիսին, չի լինի․ այստեղ միայն իշխող ՔՊ-ն է պայքարի դուրս եկել, մրցակից չունի։

Շուրջ 3 տասնամյակ Ախուրյանը ղեկավարել է դաշնակցական համայնքապետը, վերջին ՏԻՄ ընտրություններում կոալիցիա կազմելով կրկին նախկին համայնքապետ Արծրուն Իգիթյանը շարունակեց ղեկավարել խոշորացված համայնքը մինչև ՔՊ-ին հաջողվեց իշխանափոխություն անել:

Այս անգամ, փաստացի, ՔՊ-ին միայնակ թողեցին՝ առանց մրցակցության: Իսկ ինչո՞ւ դաշնակացական նախկին համայնքապետ Արծրուն Իգիթյանը չի մասնակցում ընտրությանը: Նա «Ազատությանն ասել էր, թե «կուշտ է»:

Your browser doesn’t support HTML5

«Ում կարողացան ճնշել՝ ճնշել են»․ Արթիկում ընդդիմադիրները ճնշումներից են խոսում, Ախուրյանում ՔՊ-ն մրցակից չունի