«Տարբեր թեմաներ են». Փաշինյանը ադրբեջանցի զինվորի և հայ գերիների փոխանակման մասին

Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների ու Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հարցը տարբեր թեմաներ են, «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության բացառելով փոխանակման հնարավորությունը:

«Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել- դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից: Հիմա ենթադրենք, ասում ենք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, բա որ մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու», - ասել է Փաշինյանը:

Թեև վարչապետը փաստացի բացառում է Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների փոխանակման հնարավորությունը, բայց նախկինում նման նախադեպ եղել է: 2023 թվականին Երևանը Բաքվին վերադարձրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեին Ախունդովին և նրա հետ Հայաստանի սահմանը անցած մյուս զինվորին՝ 11 տարվա ազատազրկման դատապարտված Ագշին Բաբիրովին: Նույն օրը Հայաստան վերադարձան 32 հայ գերիներ: Զինծառայողներին վերադարձնելուց բացի Երևանը հրաժարվել էր նաև ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը հյուրընկալելու իր հայտից՝ հօգուտ Ադրբեջանի: Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ է պահվում:

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որ ըստ պաշտոնական Բաքվի, ինքնակամ լքել է Լաչինի զորամասը, ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ Սյունիքի Շաքի գյուղում: Նախքան վնասազերծվելը նա մտել էր գյուղի տներից մեկը: Տանտիրուհին, իր երկու անչափահաս երեխաներին զինվորից պաշտպանելիս, ոտքի ծանր հրազենային վիրավորում է ստացել, կորցրել ձեռքի մատները:

Մուսաևը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դասալքությո՞ւն, թե՞ հետախուզական ներթափանցում. ի՞նչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հասել Հայաստանի խորքը

Փաշինյանը «անհեթեթություն և լեգենդ» է համարել այս օրերին քննարկվող վարկածը, թե հնարավոր է Ադրբեջանից դիվերսիոն ներթափանցում է եղել: Դիվերսիան հերքելուն զուգահեռ վարչապետը ընդունել է, որ Մուսաևը, որը ևս վիրավորված է ու բուժում է ստանում, դեռ «լիարժեք չի հարցաքննվել»:

Վարչապետը նաև նշել է, որ զինծառայողը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել, հանձնվել է իրավապահներին. - «Ամբողջական պահունակով ավտոմատ է եղել մոտը։ Նա գնացել, այդ տանը քնել է, հետո տանտերերը եկել են, հայտնաբերել են, և այդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել այդ ամեն ինչը», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Մուսաևն «առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում և պատիժը կկրի»: Անդրադառնալով Հայաստանի սահմանն անցնելու հարցին, վարչապետը նշել է, թե նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և «փաստ չէ՝ այդ զինվորն ուզել է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել ու անցել է Հայաստան»: