«Հայաստանն իրապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»․ Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Սա մեծ ճանապարհային քարտեզ է նաև մեզ համար՝ Եվրամիության ներսում պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու, որ մենք պատրաստ ենք։ Եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք էլ ենք կատարում մերը», - ասել է Կոսը՝ հավելելով․ «Մենք մեր պարտավորությունները կատարում ենք նաև Հայաստանի նկատմամբ»։

Եվրահանձնակատարի խոսքով՝ Հայաստանը «իսկապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»։ Որպես օրինակ նա նշել է վիզաների ազատականացման գործընթացը։

«Այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցում ենք վիզաների ազատականացման շուրջ», - ասել է Կոսը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսությանը ԵՄ-ի աջակցությանը՝ նշելով, որ այն հատկապես կարևոր է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին։

«Մենք մեծապես օգնում ենք, քանի որ Ռուսաստանն արգելել է ձեր երկրից ներմուծումները», - հայտարարել է Կոսը։

Կոսն անդրադարձել է նաև ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանին տրամադրվող տնտեսական աջակցությանը։ «Մենք մեծապես օգնում ենք, քանի որ Ռուսաստանն արգելել է ձեր երկրից ներմուծումները», - հայտարարել է նա։

Խոսքը ԵՄ-ի առաջարկած նոր առևտրային արտոնությունների մասին է, որոնցով հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն կստանան եվրոպական շուկա արտահանվել առանց մաքսատուրքի։ Բրյուսելն այդ արտոնություններն առաջարկել է ռուսական սահմանափակումների ֆոնին՝ հայկական արտահանողների համար նոր շուկաներ բացելու նպատակով։ Նախատեսվում է, որ արտոնյալ ռեժիմը կգործի սահմանափակ ժամկետով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

«Անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի աջակցությամբ մենք ընդունել ենք ինքնավար առևտրային միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա իր արտադրանքի 80 տոկոսն առանց մաքսատուրքերի արտահանել Եվրամիություն», - ասել է Կոսը՝ հիշեցնելով նաև Հայաստանի տնտեսական զարգացման համար նախատեսված առանձին աջակցության փաթեթի մասին։