Դպրոցներում բռնության նոր դեպքեր․ Վարդաձորում՝ երկրորդ դասարանցի, Բերդավանում՝ 13-ամյա աշակերտ

Անցած չորեքշաբթի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի դպրոցի դասվարը հարվածել է երկրորդ դասարանում սովորող երեխային, աղջնակի հարազատներից մեկն է Shamshyan.com-ին պատմել:

«Եղել է պարբերաբար, բայց այս կարգի՝ ձեռքով ու ցուցափայտով չի եղել», - պատմեց երեխայի հարազատը:

Երեխան դպրոց չի գնում, ուսուցչուհուն երեկ պատահաբար փողոցում տեսել է, սարսափահար տուն փախել, պատմեցին նրա ընտանիքից: Մայրը դեպքի մասին անձամբ խոսել չի ցանկանում, որովհետև չի ուզում, որ այս պատմությունը քրեական ընթացք ստանա, փոքրիկ գյուղ է:

Ընտանիքը մարզպետարան է դիմել, ստացել պատասխան. որպեսզի ուսուցիչն ազատվի աշխատանքից, գոնե 7 ծնողի բողոք է պետք. «Այսինքն, եթե 4, 5, 6 երեխայի որ ծեծի, նորմալ է, այ 7-ին երբ ծեծի, նոր պետք է պատասխանատվության ենթարկվի՞ ուսուցչուհին»:

Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, միջադեպը քննարկվել է դպրոցի տնօրենի կաբինետում, հարազատները գոհ են՝ նա գոնե գրավոր նկատողություն է տվել: Դասվարը սկզբում հերքել է, որ ֆիզիկական բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, բայց հետո, երբ տեսանյութն արդեն տարածվել է, հերքելու բան չի եղել:

Այս միջադեպով ոստիկանությունը նյութերն արդեն ուղարկել է Քննչական կոմիտե, տեղեկացանք Ներքին գործերի նախարարությունից: Քննչականում գործ է հարուցվել: Այսօր բաժանմունքում էին դասվարն ու դպրոցի տնօրենը:

Տնօրեն Գևորգ Ներսիսյանն ասաց՝ դեպքն անընդունելի է, ինքն էլ է զարմացած՝ 30 տարվա մանկավարժ է երկրորդ դասարանցուն հարվածող ու քաշքշող կինը:

Այս սեպտեմբերի 1-ից Կրթության նախարարի հրամանով բոլոր դպրոցներում ձևավորվել է սովորողի պաշտպանության թիմ, մասնագիտական խումբ, որի նպատակը, ըստ փաստաթղթի, սովորողների նկատմամբ բռնության, բուլինգի և այլ ռիսկային իրավիճակների կանխարգելումն է: Միջադեպից հետո Վարդաձորի դպրոցի սովորողների պաշտպանության թիմը հավաքվել է, բայց ըստ հարազատների՝ բռնության ենթարկված երեխային դպրոց վերադարձնելու ջանքեր չեն եղել:

Աշակերտների հանդեպ բռնության մեկ դեպք էլ Բերդավանում է եղել

Սա նոր ուսումնական տարվա առաջին ամսում աշակերտների հանդեպ բռնության միակ դեպքը չէ: Երկու շաբաթ առաջ Տավուշի Բերդավան գյուղի դպրոցում սովորող 13-ամյա տղային մաթեմատիկայի ուսուցիչը ապտակել է, հրել-գցել սեղանի վրա, տետրով խփել գլխին այնպես, որ տետրի ծայրը աչքն է մտել:

Ըստ դպրոցականի մոր՝ հետո էլ այս բռնությանը միացել է ուսուցչի կինը, որ դպրոցի փոխտնօրենն է, տղային ապտակելով, հրելով տարել է իր կաբինետ ու անկյուն կանգնեցրել:

Արցախից տեղահանված 6 երեխա մեծացնող կինը սահմանամերձ Բերդավանում է հաստատվել, ուզում է, որ իր երեխային դպրոցում ընդունեն, եթե չարաճճի է, խնդիրներ է առաջացնում՝ աշխատեն հետը, բայց չծեծեն:

Այս գործը քրեական ընթացք է ստացել. ուսուցիչը մեղադրյալ է անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ Իսկ մայրը շարունակում է տառապել՝ չի ուզում իր բնակության նոր հասցեում վատություն անել որևէ մեկին:

Տղան դպրոց է գնում, բայց ըստ մայրիկի, սթրեսային վիճակում: Բերդավանի դպրոցի տնօրենը վստահեցնում է՝ դպրոցում սովորողի պաշտպանության թիմ ունեն, շատ ակտիվ աշխատում են: