«Չեմ թողել, որ ինձ խղճան». վանաձորցի Քաջիկ Ղևոնդյանի պայքարը հանուն ոտքի կանգնելու և ընդդեմ բյուրոկրատիայի

Ուղիղ հինգ տարի առաջ տեղի ունեցած չարաբաստիկ վթարը փոխեց վանաձորցի Քաջիկ Ղևոնդյան կյանքը, նրանից խլեց քայլելու ունակությունը, բայց ոչ՝ կամքը: 42-ամյա Ղևոնդյանը մեքենա վարելիս ձեռքերով ոչ միայն ղեկն է բռնում, այլև արգելակը սեղմում։

«Ես ինձ նենց եմ պահում, որ մաքսիմալ իմ հաշմանդամությունը չզգացվի: Համ իմ հոգեվիճակն ա տենց հանգիստ լինում, ես սթրես չեմ ապրում: Ես սիրում եմ հավասարը հավասարի հետ, ինձ պետք չի, որ ինձ հանկարծ խղճահարությունով նայեն: Դա կապ չունի՝ շրջապատը կլինի, հարազատը, թե անգամ իմ ընտանիքի անդամը: Ես էս վիճակով ծնողական ժողովի էլ եմ գնում, երեխեքի հանդեսներին էլ, ցիրկ էլ եմ տանում: Ինչ առողջ ժամանակ արել եմ, հիմա էլ եմ անում», - ասաց Ղևոնդյանը:

Երեք անչափահաս երեխաների հայրն ամեն օր սայլակից իր՝ տաքսի դարձած, իրեն հատուկ հարմարեցված ավտոմեքենա է տեղափոխվում, գումար աշխատում ու տուն վերադառնում:

Տանը նրան առաջինը ավագ որդին՝ 13-ամյա Արայիկն է դիմավորում՝ մոտեցնում է սայլակը, օգնում, որ հայրը կարողանա տեղափոխվել ու տան մուտքի մոտ՝ աստիճանների փոխարեն հարմարեցված թեքահարթակով տուն հասնի՝ ինքնուրույն: Այստեղ արդեն կինը՝ 31-ամյա Հռիփսիմեն է դիմավորում: Օրվա ընթացքում երկար նստած ամուսնուն օգնում է մկանները մարզել սենյակի անկյունում տեղադրված մարզասարքով:

Չնայած ցմահ հաշմանդամության կարգին՝ ընտանիքը չի հանձնվում ու պայքարում է ոտքի կանգնելու համար։

«Մեկս մեկիս դուխ տալով հաղթահարում ենք էս ամեն ինչը: Կողքի աչքերով որ նայում են, ասում են՝ մենք չենք ասի, որ դու էդ հոգսի տեր ես: Մենք չենք թողել՝ մեզ խղճան: Դժվար օրեր շատ ենք ունեցել՝ նորածին ա եղել աղջիկս, ինքը՝ էս վիճակին, բայց հասել ենք էս փուլին: Բայց շատ ա եղել, որ երկուսս էլ կոտրվել ենք, շատ դժվար ա եղել», - ասաց Հռիփսիմե Հակոբյանը:

Բայց եթե ճակատագրի հարվածները Քաջիկը հաղթահարում է արժանապատվորեն, բյուրոկրատիայի պատնեշները դառնում են ամենաանանցանելի փորձությունը։ Արդեն 5 տարի նա ստիպված է պարբերաբար ծեծել պետական դռները՝ հասանելիք աջակցությունն ու արտոնությունները ստանալու համար։

«Ես իմ բյուջեով ամեն անգամ տանեմ հասցնեմ Երևան փորձաքննության, ոտքի տակը էնքան ծակեն, որ ստուգեն քայլում ա, թե չի քայլում...», - նշեց Հռիփսիմեն:

Անվերջանալի քաշքշուկներից հետո՝ ընդամենը 5 ամիս առաջ ի վերջո ստացել է ցմահ հաշմանդամության եզրակացությունը՝ բայց ութ նիշով նվազեցրած միավորով, ինչը Քաջիկին զրկել է լիարժեք անվճար բուժօգնության իրավունքից. «Եթե 78 լիներ, Աստված չանի վիրահատություն լիներ, լրիվ անվճար էր լինելու: Բայց իրանք նենց են հաշվարկ արել, որ ինքը առաջին կարգ ա, բայց բալերը կարելի ա նենց իջացնել, որ վիրահատության ժամանակ հիվանդը կիսով չափ վճարի: Էդ ամեն ինչը մեր պետությունը հաշվարկ ա անում՝ հօգուտ իրա»:

Լինելով նախկին զինվորական՝ Քաջիկը փորձել է իր կուտակային կենսաթոշակի հաշվից հետ ստանալ բուժման վրա ծախսած 6 միլիոն դրամը, սակայն 5 տարի շարունակ գործընթացը կանգ է առնում «թղթաբանությունը թարմացնելու» պահանջների պատճառով. «Չեն մերժում, բայց քանի անգամ հասել ա էն պրոցեսին, որ արդեն պետք ա փոխհատուցեն, ասում են՝ թղթաբանությունը թարմացրեք»:

Նույն ձգձգումները նաև ընտանեկան նպաստի համակարգում են, որը պարբերաբար կտրվում է՝ ընտանիքին ամիսներով թողնելով առանց աջակցության։

Բուժման համար վերցրած վարկերը մարելու նպատակով Քաջիկը օրնիբուն տաքսի է վարում, իսկ առողջական խնդիրներ ունեցող Հռիփսիմեն կառչում է ցանկացած աշխատանքից։ Երեք երեխաների հետ նրանք ապրում են տնակում, որն ընդլայնելու և սայլակին հարմարեցնելու համար Քաջիկն իր ձեռքով 380 քար է տաշել։

Չնայած փորձություններին ու դժվար հաղթահարելի թղթաբանությանը՝ Ղևոնդյանների ընտանիքում հույսն ու պայքարը տանուլ չեն տալիս. «Սա էլ մի բան ա, որ էս փորձությունները հաղթահարենք»: