TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի, ապա նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացում, այսօր Երևանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առաջին անգամ Երևանում անցկացվող Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին մասնակցող Փաշինյանն այս հայտարարությունն արել է հայ - ամերիկյան TRIPP նախագծի մասին խոսելիս: Այդ ճանապարհը Հայաստանի հարավով անխոչընդոտ կապ է ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
«Հայաստանը և մեր տարածաշրջանը գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և սրանից բխող զարգացումների հետ։ Մենք հիմա ամենօրյա ռեժիմով աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու: Արդեն իսկ այդպիսին է, որովհետև այսօր իսկ մենք զգում ենք Հայաստանի շուրջ ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն»,- ասել է վարչապետը:
Հայաստանցի պաշտոնյաների խոսքով՝ Սյունիքում TRIPP-ի շինարարությունը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի հաջորդ տարեսկզբին: Այսօր վարչապետը իր ելույթում չի հստակեցրել, թե երբ է սպասվում 30 տարուց ավելի փակ հայ - թուրքական սահմանի և Թուրքայի ու Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության բացումը:
TRIPP-ին զուգահեռ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային կապի բացում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին, 6-ը հոկտեմբերի, 2026թ.