ՌԴ ՊՆ վարչության պետը մեղադրվում է առանձնապես խոշոր կաշառք վերցնելու մեջ 

ՌԴ ՊՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր ռազմական քննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել գեներալ-մայոր Սերգեյ Նիկիտուշկինին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Նա ծառայել է որպես Ռուսաստանի զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության ուսումնական և նյութական բազայի բաժնի պետ։ Այս պաշտոնում Նիկիտուշկինը պատասխանատու է եղել ուսումնական ստորաբաժանումների, հրաձգային և տանկային հրաձգարանների, ինչպես նաև բանակի և նավատորմի անձնակազմի, այդ թվում՝ կամավորների և պայմանագրային զինծառայողների տեխնիկական պատրաստության համար։

Գեներալ-մայորը ձերբակալվել է Մոսկվայում սեպտեմբերի 30-ին: Հետաքննիչները չեն բացահայտում, թե երբ, ումից կամ որքան է Նիկիտուշկինը ենթադրաբար ստացել կաշառքը: Նրան առաջադրված մեղադրանքներով սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Գերատեսչությունը, որտեղ ծառայել է Նիկիտուշկինը, ի թիվս այլ բաների, կառավարում է զինված ուժերի «Պատրիոտ» ռազմահայրենասիրական մշակույթի և հանգստի այգին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կաշառքի գործով ռուս բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել

2024 թվականի օգոստոսին «Պատրիոտ» պարկի տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովը և Պաշտպանության նախարարության նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը ձերբակալվեցին բյուջեից 30 միլիոն ռուբլի հափշտակելու մեղադրանքով։ 2025 թվականին Շեստերովը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։

Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Պավել Պոպովին նույնպես մեղադրանք է առաջադրվել կաշառակերության և «Պատրիոտ» այգու համար հատկացված բյուջետային միջոցների յուրացման համար։ 2026 թվականի ապրիլին դատարանը նրան դատապարտել է 19 տարվա ազատազրկման այս և այլ մեղադրանքներով։

Աղբյուրը նշում է, որ Նիկիտուշկինի գործը ևս կարող է կապված լինել նաև այգու հետ։ Հոկտեմբերի 5-ին Մոսկվայում ձերբակալվեց «Պատրիոտ» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Վասիլևը, նույնպես խոշոր չափերի կաշառակերության կասկածանքով։