Սև ծովում բեռնատար նավ է խորտակվել․ երկու նավաստի զոհվել է

Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, հրդեհից հետո խորտակվել է «Royad Mammadov» բեռնատար նավը։ Անձնակազմի 11 անդամի հաջողվել է փրկել, երկու նավաստի զոհվել է, հայտնում է Ռումինիայի ներքին գործերի նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել Ռումինիայի տնտեսական գոտում՝ Սֆընտու Գեորգե քաղաքից մոտ 30 ծովային մղոն հարավ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ թուրքական ընկերությանը պատկանող նավին երկու ռուսական անօդաչու է հարվածել։ Նրա խոսքով՝ նավում եղել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ, այն եգիպտացորեն էր տեղափոխում։

Նավը Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո Ուկրաինայի Իզմայիլ նավահանգստից ուղևորվում էր իտալական Ռավեննա։

Ռուսական կողմը Զելենսկու հայտարարությանը դեռ չի արձագանքել։