Ուկրաինան հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 2 օբյեկտի. Լիխաչով

Ռուս զինվորը կանգնած է Զապորոժիեի ատոմակայանի մուտքի մոտ, 15-ը հունիսի, 2023 թ.

Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարվածել է Զապորոժիեի ատոմակայանի երկու օբյեկտի՝ լաբորատորիայի շենքին և ռադիոակտիվ թափոնների վերամշակման գործարանին, լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Զապորոժիեի ատոմակայանում գիշերը հանգիստ չի եղել։ Միաժամանակ երկու օբյեկտ է հարձակման ենթարկվել՝ լաբորատորիայի շենքը, որը չորրորդ և հինգերորդ էներգաբլոկներից 200 մետր հեռավորության վրա է, և ռադիոակտիվ թափոնների վերամշակման շենքը։ Երկու դեպքում էլ տանիքը վնասվել է, բայց միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», - Լիխաչովի խոսքերն է մեջբերում ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խոշոր հրդեհ Զապորոժիեի ատոմակայանում․ հրդեհի համար Մոսկվան ու Կիևը միմյանց են մեղադրում

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն նաև հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ուկրաինական ուժերն ակտիվացրել են Զապորոժիեի ՋԷԿ-ի վրա հարձակումները, որի գործունեություն է կախված տոմակայանի անվտանգությաունը:

Նա նաև հայտնել է, որ գիշերը ուկրաինական զինուժը հարձակվել է նաև կայանի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է վարորդը:

Զապորոժեի ԱԷԿ-ի մամուլի ծառայությունից էլ հավելել են, որ ուկրաինական կողմը երկու անգամ փորձել է հարձակվել ռադիոակտիվ թափոնների վերամշակման շենքի վրա։ Զոհեր չկան և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ հարձակումներից Զապորոժիեի ատոմակայանի էներգաբլոկի պաշտպանից կառույցը վնասվել է․ ԱԷՄԳ

ԱԷԿ-ից նաև ասել են, որ նման հարձակումներն ուղղակի սպառնալիք են և ցույց են տալիս միջուկային անվտանգության սկզբունքների անտեսումը։

Զապորոժիեի տարածքը նախկինում մի քանի անգամ հարձակման է ենթարկվել: 2024-ի ապրիլին անօդաչուների հարձակումներից վնասվել էր ատոմակայանի էներգաբլոկի պաշտպանից կառույցը:

Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել ռուսական կողմի հայտարարությունները:

Զապորոժեի ԱԷԿ-ը Դնեպր գետի ձախ ափին է՝ Էներգոդարի մոտ։ Այն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է՝ վեց էներգաբլոկներով, որոնցից յուրաքանչյուրը մեկ գիգավատտ հզորությամբ է։

2022 թվականի հոկտեմբերին ատոմայականն անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ։ Էներգաբլոկներում արտադրությունը դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին, իսկ 2024 թվականի ապրիլից դրանք սառը անջատման ռեժիմում են։