Ռուսական ուժերը անօդաչուներով հարվածել են Խարկովին։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի հաղորդմամբ՝ մեկ մարդ զոհվել է, առնվազն ութը՝ վիրավորվել։
Հարվածների հետևանքով վնասվել է շուրջ տասը բազմաբնակարան շենք, հրդեհվել են ավտոմեքենաներ և վարչական շենք։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Գիշերը ռուսական ուժերը հարվածել են նաև Օդեսայի մարզին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ թիրախավորվել են արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքներ, բռնկվել են խոշոր հրդեհներ։ Տուժածների մասին չի հաղորդվում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի արձակած 205 անօդաչուներից 172-ը խոցվել կամ չեզոքացվել է։ Այս տվյալներն անկախ աղբյուրներով հաստատված չեն։