Գերմանիայի կառավարությունը քննադատել է Թբիլիսիում Կոնրադ Ադենաուերի և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամների ներկայացուցչությունների փակումը՝ դա անվանելով կորուստ Վրաստանի և երկրի քաղաքացիական հասարակության համար։
Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Գիզեն հայտարարել է, որ հիմնադրամները տարիներ շարունակ նպաստել են Վրաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմանը, իսկ Բեռլինը վրացական իշխանություններին հայտնել է, որ չի հասկանում նրանց որոշումների պատճառները։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության ներկայիս քաղաքականության շարունակությունը կարող է ի վերջո անհամատեղելի դառնալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի պահպանման հետ։
Կոնրադ Ադենաուերի և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամները սեպտեմբերի 30-ից փակել են իրենց գրասենյակները Վրաստանում։ Նրանք հայտնել են, որ երկրի նոր՝ օտարերկրյա դրամաշնորհների մասին օրենքի պայմաններում այլևս չեն կարող ազատորեն ֆինանսավորել ծրագրեր և համագործակցել տեղական գործընկերների հետ։
Բեռլինը դեռ 2024-ի դեկտեմբերին դադարեցրել էր Վրաստանի հետ ընդհանուր 237 միլիոն եվրոյի ծրագրերի իրականացումը՝ Թբիլիսիի եվրոպական կուրսից շեղվելու պատճառով։