Զելենսկի․ Ռուսաստանը ցանկանում է ստիպել ուկրաինացիներին լքել խոշոր քաղաքները

Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել հարվածներն Ուկրաինայի խոշոր քաղաքներին՝ փորձելով ստիպել բնակիչներին հեռանալ դրանցից, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հղում անելով հետախուզական տվյալներին։

«Նրանք ուզում են, որ մարդիկ փախչեն իրենց քաղաքներից», - ասել է Զելենսկին՝ առանձնացնելով Կիևը։ Նրա պնդմամբ՝ առաջիկայում կարող են ուժեղանալ հարվածները նաև Խարկովին, Օդեսային և Լվովին։

Financial Times-ն իր աղբյուրների վկայակոչմամբ ևս գրում է, որ Մոսկվան կարող է փորձել հարվածներով Ուկրաինայի ատոմակայաններն անջատել էլեկտրացանցից, ինչպես նաև խափանել ջրամատակարարումը։

Զելենսկին կրկին կոչ է արել գործընկերներին ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը և Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել։