Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պետք է ոչ միայն ամրագրվի թղթի վրա, այլև իրականացվի գործնականում, Բաքվում ընթացող CAMCA տարածաշրջանային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Մենք միշտ ասում էինք, որ հաղթել ենք պատերազմում, բայց կարևոր էր անել ևս մեկ բան՝ նվաճել խաղաղությունը։ Սա իսկապես դժվար խնդիր է», - Trend գործակալությունը մեջբերում է Հաջիևի խոսքերը, որը վերջին շրջանում ակտիվորեն կասկածի տակ է դնում Արցախում հայկական մշակութային ժառանգության ծագումը:
Հաջիևը նշել է, որ Ադրբեջանն այժմ ապրում է խաղաղության մեջ, սակայն խաղաղության գործընթացը, ըստ նրա, չպետք է մնա միայն թղթի վրա։ «Մենք ունենք փաստացի խաղաղություն գետնի վրա, բայց խաղաղությունը չպետք է մնա թղթի վրա»,- ընդգծել է նախագահի օգնականը, որն անցած ամիս երկրում հավատարմագրված տասնյակ դիվանագետներին Գանձասար և Դադիվանք ուղեկցելիս պնդում էր, թե դրանք ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է ձևավորել խաղաղության վրա հիմնված տարածաշրջանային ճարտարապետություն, որը հայ և ադրբեջանական ժողովուրդների համար երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կապահովի։
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը և կհանի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող հատվածը։ «Դրանից հետո, կարծում եմ՝ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կդառնա իրականություն», - հայտարարել է նա։
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վերջերս «Ազատությանն» ասել է, որ նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա ամիսներին կհրապարակվի, այժմ այն քննարկումների փուլ է անցնում գերատեսչություններում: Պաշտոնական Երևանը պնդում է, որ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չի փոխում:
Ադրբեջանի նախագահի օգնականը շեշտել է, որ Ադրբեջանը կցանկանար խաղաղություն կնքել ոչ միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ «Մենք կցանկանայինք այս խաղաղությունը կնքել հայ ժողովրդի հետ», - ասել է նա:
Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն զարգանում են առևտրային և գործարար կապեր, և իրականացվում են վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ անհնար կթվային։
Անցած ամիս էլ հաջիևը պնդել էր, թե Հայաստանում «ռևանշիստական ուժերը» փորձում են խաթարել խաղաղության գործընթացը: «Մենք հաղթեցինք պատերազմում, բայց մենք նաև հաղթում ենք խաղաղ ժամանակ, ինչը դժվարին պայքար է», - ասել էր նա՝ հավելելով, որ Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը որպես իր պատմության մաս, չնայած Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվողները պարբերաբար ահազանգում են, որ Ադրբեջանը համակարգված ձևով հողին է հավասարեցնում հայկական մշակութային կոթողները: