Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին, հերքում և 6 մլն դրամ է պահանջում

Էդգար Ղազարյան, Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքել իր հասցեին զրպարտություն համարվող տվյալները:

Հայցում, ըստ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի, նշված է, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը տված հարցազրույցում ընդդիմադիր պատգամավորը հետևյալ պնդումն է արել. «Ադրբեջնական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացումը եղել ա ընդամենը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ընդեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»:

Վարչապետը պահանջել է ուղիղ եթերով հերքումը հրապարակել News.am կայքում, այնտեղ, որտեղ հրապարակվել է հարցազրույցը, ինչպես նաև 6 միլիոն դրամ բռնագանձել Ղազարյանից՝ որպես փոխհատուցում: Այս գործը կքննի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանը: Էդգար Ղազարյանն առայժմ չի մեկնաբանել իր դեմ հայցը:

Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին նմանատիպ քաղհայցեր է ներկայացրել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի, փաստաբան, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, իր նախկին կուսակից Սոֆյա Հովսեփյանի դեմ: