Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 19 միլիարդ 870 միլիոն ռուբլի հատկացնել համացանցում «անցանկալի» բովանդակությունն արգելափակելու և վիրտուալ մասնավոր ցանցերի՝ VPN-ների դեմ պայքարելու համար, որոնք Ռուսաստանում լայնորեն են կիրառվում գործող ինտերնետ սահմանափակումները շրջանցելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, այս գումարը ներառված է 2027 թվականի դաշնային բյուջեի նախագծում, որը Պետդումա է ներկայացվել հոկտեմբերի 1-ին։
Ֆինանսավորումը կստանա Ռուսաստանում կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային լրատվամիջոցների վերահսկողության դաշնային ծառայությանը՝ Ռոսկոմնադզորին հաշվետու պետական ձեռնարկություն՝ Գլխավոր ռադիոհաճախականության կենտրոնը: Այն կստանա գրեթե 20 միլիարդ ռուբլի որպես սուբսիդիա՝ «ինտերնետային տեղեկատվության և հեռահաղորդակցության ցանցի ռուսական հատվածի ավտոմատացված անվտանգության համակարգի» գործունեությանն աջակցելու համար:
Այս համակարգը նախատեսված է առցանց սպառնալիքներին տեխնիկապես հակազդելու համար, այդ թվում՝ «արգելված» բովանդակություն ունեցող կայքերի արգելափակմանը: Այն նաև արգելափակում է VPN-ները, որոնք օգնում են շրջանցել սահմանափակումները: Մինչև 2030 թվականը Ռոսկոմնադզորը հույս ունի հասնել VPN տեխնոլոգիաների արգելափակման 92% արդյունավետության մակարդակի հասնել:
Ընդհանուր առմամբ, 2027 թվականին Ռոսկոմնադզորի գործունեության համար նախատեսվում է հատկացնել 31,8 միլիարդ ռուբլի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ում VPN ծառայությունների լայնածավալ արգելափակում է իրականացվելԱյս տարվա օգոստոսին Ռոսկոմնադզորը VPN ծառայությունների լայնածավալ արգելափակում էր իրականացրել երկրում, ինչի արդյունքում սահմանափակվել են ավելի քան 20 հայտնի հոսթինգային ծառայությունների IP հասցեները։
Տեխնիկական դժվարությունների մասին հայտնել էին Amnezia, Paper VPN և այլ VPN ծառայությունների օգտատերերը: «Ինտերնետի պաշտպանության հանրության» տնօրեն Միխայիլ Կլիմարևը բացատրել էր, որ «Ռոսկոմնադզորը»՝ ռուսական ՏՏ ընկերությունների օգնությամբ, բացահայտել է տասնյակ ինքնավար ցանցային համակարգեր, որոնք օգտագործվում են արգելափակումը շրջանցող ծառայությունների կողմից և սահմանափակել է դրանց հասանելիությունը:
Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի իշխանությունները փաստացի ռազմական գրաքննություն են կիրառում երկրում՝ արգելափակելով հարյուրավոր կայքեր: 2025 թվականից ի վեր Ռուսաստանն սկսել է զանգվածային կերպով անջատել բջջային ինտերնետը, ինչպես նաև արգելափակել WhatsApp-ի և Telegram-ի նման հայտնի հավելվածները:
Բացի դրանից՝ իշխանություններն սկսել են VPN-ների դեմ պայքար՝ արգելափակելով ավելի քան 400 ծառայություն: Պաշտոնապես Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ VPN-ների օգտագործումն արգելված չէ, սակայն «Ռոսկոմնադզոր»-ը նպատակ է դրել մինչև 2030 թվականն արգելափակել Ռուսաստանում ինտերնետի արգելափակումը շրջանցելու համար կիրառվող ծառայությունների 92%-ը: