Little Big-ի մենակատարը Ռուսաստանում հետախուզման մեջ է

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը դաշնային հետախուզում է հայտարարել Little Big խմբի մենակատար Իլյա Պրուսիկինի նկատմամբ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, սակայն թե ինչ հոդվածով՝ գերատեսչությունը չի հստակեցրել։

Little Big-ը ստեղծվել է 2013 թվականին Սանկտ Պետերբուրգում և հետագայում լայն ճանաչում ստացել նաև Ռուսաստանից դուրս։ Խումբը պետք է Ռուսաստանը ներկայացներ «Եվրատեսիլ-2020»-ում, սակայն մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

2022-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Պրուսիկինն ու խմբի մյուս անդամները հրապարակայնորեն հանդես եկան պատերազմի դեմ և հեռացան Ռուսաստանից։ Այժմ Little Big-ը գործունեությունը շարունակում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2023-ի հունվարին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Պրուսիկինին ներառել էր «օտարերկրյա գործակալների» ռեեստրում։