Վերանորոգված, բայց կիսաքանդ փողոցներ Սպիտակում. համայնքապետարանը չի գտնում շինարարին, որ թերությունը վերացնի

Սպիտակի Էստոնական փողոցը, որը շինարարությունից չորս տարի անց կիսաքանդ վիճակում է

Լոռու Սպիտակ քաղաքի Էստոնական փողոցում, որը համայնքի ու պետության միջոցներով էր հիմնանորոգվել, շինարարությունից ընդամենը չորս տարի անց կրկին շինտեխնիկա է աշխատել, շինարարություն ընթացել:

Տեղի բնակիչները տեսախցիկի առաջ խոսել չեն ուզում, բայց կադրից դուրս փաստում են՝ ճանապարհի որակից դժգոհ են եղել հենց սկզբից: Տուֆի արանքներից բուսած խոտն ու քայքայված քարերը փողոցը խորդուբորդ են դարձրել:

«Մեր քաղաքապետից մենք շատ գոհ ենք: Սաղ ճանապարհները լավն ա, թե սա ոնց ա եղել սենց, ոչ մեկը չի հասկանում, չգիտեմ։ Մեքենաները փչանում են, շատ վատ ա։ Դե հնարավոր ա ստեղ ինչ-որ մի բան աշխատողները լավ չեն արել», - ասաց Սպիտակի բնակիչը։

Հարցին, թե ինչու՞ է այժմ միայն մի հատվածում աշխատանք կատարվում, եթե ամբողջ ճանապարհն էր անորակ, մեզ հետ կադրից դուրս զրուցած միակ բնակիչն ասաց՝ այս հատվածում առհասարակ շինարարություն չի եղել: Մոտ 100 մետր հատված 2022 -ից այդպես էլ անավարտ էր մնացել:

Մինչդեռ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան պնդում է, թե սա ոչ թե կիսատ թողածն ավարտելուն ուղղված աշխատանք է, այլ ժամանակի ընթացքում առաջացած թերությունների վերացում, ընդ որում՝ ոչ թե համայնքային բյուջեի, այլ տեղացի մասնագետների անհատույց ջանքերով:

Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը

«Էստոնական թաղամասի կենտրոնական փողոցի սկզբնամասում մոտ 70 մ երկարությամբ հատվածում տուֆ քարով շարվածքի վրա տեղ-տեղ ժամանակի ընթացքում առաջացել էր նստվածք և կարիք ուներ քարերի ուղղման: Այդ աշխատանքները իրականացնելու համար համայնքում բնակվող և տուֆ քարով սալարկում իրականացնող մասնագետները պատրաստակամություն են հայտնել առանց ֆինանսական միջոցների վերացնել այդ թերությունները մասնավորապես քանդել վնասված տեղամասը, մշակել քարերը և կրկին իրականացնել շարվածք». - «Ազատությանը» գրավոր հայտնել է համայնքապետը:

2022-ին Էստոնական և Տաշիր թաղամասերի գլխավոր ճանապարհները տուֆով սալարկելու համար պետությունն ու համայնքը հատկացրել էին 55.5 միլիոն դրամ: Երկուսն էլ ակնհայտ թերություններ ունեն: Գնումների պաշտոնական կայքի համաձայն՝ կապալառու «Տոնոյան Շին Գրուպ» ընկերությանը վճարվել է գումարի միայն կեսը:

Մասնակի կատարված աշխատանքների դրական եզրակացություններն ու հանձնման-ընդունման ակտերն անձամբ ստորագրել են քաղաքապետն ու նրա տեղակալը, բայց համայնքի ղեկավարն այժմ պնդում է, թե չորս տարի առաջ հիմնանորոգված ճանապարհները պաշտոնապես մինչ օրս հանձնված չեն. - «2022 թվականի շինարարական կազմակերպությանը պայմանագրով նախատեսված գումարը ամբողջությամբ վճարված չէ, քանի որ աշխատանքները իրականացրել է որոշակի թերություններով, որոնք արձանագրված են թե համայնքի և թե Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից և վերջինս ենթարկվել է պատասխանատվության»:

Թե ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, կամ ինչո՞ւ շինարարն ինքը չի վերացրել թերությունները, համայնքապետարանը չի մանրամասնում:

Ուշագրավ է, որ 55 միլիոնանոց մրցույթում հաղթած «Տոնոյան Շին Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել էր գնման գործընթացից ընդամենը մեկ ամիս առաջ, և սա եղել է ընկերության առաջին ու վերջին պետական պատվերը:

«Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել կազմակերպության հետ, քանի որ որևէ կոնտակտային տվյալ առկա չէ: Ավելին՝ պարզվում է՝ պատվիրատու համայնքապետարանում նույնպես չեն կարողանում կապվել շինարարի հետ: Ըստ Քաջայր Նիկողոսյանի՝ իրենք նկատել են խոտածածկվող ու քայքայվող տուֆի թերությունները, բայց այդպես էլ չեն կարողացել գտնել ընկերությանը:

«Շինարարական աշխատանքների ավարտից տևական ժամանակ անց նկատվել են թերություններ, որոնց մասին բազմիցս տեղեկացվել է շինարարական ընկերությանը, սակայն որևէ կերպ հնարավոր չի եղել կապ հաստատել վերջինիս հետ և թերությունները վերացնել», - հայտնել է համայնքապետը։

Ստացվում է փակ շղթա․ 55,5 միլիոն դրամանոց ծրագրից չորս տարի անց ճանապարհը պաշտոնապես հանձնված չէ, ակտեր ստորագրած համայնքապետարանը չի կարողանում գտնել մրցույթից մեկ ամիս առաջ հիմնված շինարարին, իսկ չորս տարեկան փողոցի քայքայված տուֆն ու անավարտ հատվածները վերանորոգում են տեղի բնակիչները՝ սեփական նախաձեռնությամբ: