ԱՄՆ-ը ավարտում է ռազմական ներկայությունը Իրաքում

Ամերիկացի զինվորականներ Բաղդադի մոտ գտնվող Թաջի ռազմաբազայի մոտ

ԱՄՆ զորքերը ավարտում են իրենց առաքելությունը Իրաքում: Այս որոշումը 2024 թվականին կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Պենտագոնի կողմից տարածված հայտարարության մեջ նշված է Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելության հաջող ավարտը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նաև հույս է հայտնել, որ Իրաքի անվտանգության ուժերը կշարունակեն պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդների դեմ: ԱՄՆ-ը խոստացել է համագործակցել Բաղդադի հետ, մարզել իրաքյան զորքերին և նրանց հետ փոխանակվել հետախուզական տվյալներով:

Իրաքի իշխանությունները հայտարարել են ամերիկյան զորքերի դուրսբերման կապակցությամբ քառօրյա տոնակատարության մասին, որն անվանել են «Անկախության օրեր»։ Իրաքի վարչապետ Ալի Ալ-Զաիդին հայտարարել է. «Հոկտեմբերի 1-ը կդառնա Իրաքի պետության նոր ուղու, օտարերկրյա ռազմական ներկայությունից ազատագրման և լիակատար ազգային ինքնիշխանության ձեռքբերման օրը»։

Քաղաքական վերլուծաբանները մտահոգված են, որ առանց երկրում ԱՄՆ ռազմական ներկայության զսպման միջոցի, զինված խմբավորումները, այդ թվում՝ Իրանի կողմից աջակցվողները, կարող են վերակտիվանալ: Իրաքի անվտանգության վերլուծաբան Ջասիմ ալ-Բահադլին զգուշացրել է. «Իրանը ռազմավարական առումով կշահի կոալիցիոն զորքերի դուրսբերումից: Նրանց ռազմական ներկայությունը տարիներ շարունակ ծառայել է որպես հակակշիռ Թեհրանի ազդեցությանը Իրաքում»:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ելույթ ունենալով, զգուշացրել է Իրաքի «բալկանացման» ռիսկի մասին, եթե Բաղդադը չկարողանա վերահսկել երկրում գործող զինված խմբավորումները, այդ թվում՝ Իրանի կողմից աջակցվողները:

  • ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաք մտավ 2003 թվականին: Կոալիցիայի մարտական առաքելությունն ավարտվեց 2021 թվականին, սակայն ԱՄՆ-ը շարունակեց ռազմական ներկայությունը Իրաքում՝ պահպանելով մի շարք ամերիկյան ռազմական բազաներ երկրում։
  • Ներկայումս Իրաքում ռազմական ներկայություն ունի Թուրքիան: Անկարան նախկինում հայտարարել էր, որ կսկսի երկրի հյուսիսում գտնվող թուրքական ռազմական բազայի աստիճանական տեղափոխումը Իրաք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի հիմնական ռազմաբազաները՝ Մերձավոր Արևելքում