Դուբայ-Թել Ավիվ չվերթի ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել, ապա վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում

Դուբայից (ԱՄԷ) դեպի Թել Ավիվ թռչող ուղևորատար ինքնաթիռը թռիչքի կեսին աղետի ազդանշան է ուղարկել, Սաուդյան Արաբիայի երկնքում եղած ժամանակ թեքել է ուղղությունը, իսկ չվերթի մասին տեղեկատվությունը դադարել է հայտնվել մոնիթորինգի կայքերում, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ Իսրայելի 12-րդ ալիքը, հաղորդում են, որ 174 մարդ տեղափոխող Boeing 737 ինքնաթիռի օդաչուները նաև «արտաքին միջամտության» մասին ազդանշան են փոխանցել, ինչը կարող է վկայել ինքնաթիռի առևանգման մասին:

Flightradar24-ը պարզաբանում է, որ ազդանշանը հետագայում կրկին փոխվել է ընդհանուր աղետի ազդանշանի:

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելը կործանիչներ է օդ բարձրացրել, իսկ վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել։

Ավելի ուշ, ըստ իսրայելական լրատվամիջոցների, ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում: Reuters-ը ևս հաստատել է, որ ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում, անձնակազմն ու բոլոր ուղևորներն ապահով են:

Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ արտակարգ իրավիճակի պատճառը օդաչուների միջև կռիվն է եղել։ Reuters-ը ևս նշում է, որ Flydubai Flight FZ1073 չվերթն ուղղությունը փոխել է օդաչուների վեճի պատճառով:

Իսրայելի վարչապետի գրասենյակից ևս հայտնել են, որ սա ինքնաթիռի առևանգման դեպք չէ:

Flydubai-ը դեռ չի մեկնաբանել միջադեպը: