ԱՄՆ-ը մինչև 15 մլն դոլար է առաջարկում ԻՀՊԿ-ի ֆինանսական ցանցերի մասին տեղեկության համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը մինչև 15 միլիոն դոլարի պարգևավճար է սահմանել այն տեղեկության համար, որը կօգնի խաթարել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ֆինանսական մեխանիզմներն ու տնտեսական աղբյուրները։

Պետդեպարտամենտի «Պարգև արդարադատության համար» ծրագրի հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը մտադիր է գործընկերների հետ շարունակել աշխատանքը՝ սահմանափակելու Իրանի հասանելիությունը ապրանքներին, տեխնոլոգիաներին, ֆինանսական միջոցներին և ծառայություններին։

Միաժամանակ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ութ կազմակերպության և հինգ անձի նկատմամբ, որոնք, ըստ Պետդեպարտամենտի, օգնել են Իրանին զենք և դրա բաղադրիչներ ձեռք բերել՝ չնայած Իրանի նկատմամբ գործող ՄԱԿ-ի զենքի էմբարգոյին։

Վաշինգտոնը հայտարարել է, որ այս քայլերը «Տնտեսական մեկուսացում» գործողության մաս են և ուղղված են նաև երրորդ երկրներում գործող այն կառույցների դեմ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, աջակցում են Իրանի պաշտպանական արդյունաբերությանը և սպառազինության ծրագրերին։