Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ անձնակազմի 6 անդամները զոհվել են

Ռուսաստանի Ամուրի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ կործանվել է Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը, զոհվել են անձնակազմի բոլոր վեց անդամները, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը թռիչքն իրականացնում էր առանց զինամթերքի և ընկել է անմարդաբնակ տարածքում։

Ուժային կառույցներին մոտ Baza տելեգրամյան ալիքի տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ վառելիքի պայթյունը։ Ինքնաթիռը կործանվել է Կրասնոյարովո գյուղի մոտակայքում։

Այդ շրջանում է գտնվում «Ուկրաինկա» օդանավակայանը՝ Ռուսաստանի հեռահար ավիացիայի առանցքային բազաներից մեկը։ 2025-ի ամռանը՝ ուկրաինական «Սարդոստայն» գործողությունից հետո, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այնտեղ էր տեղափոխել մի շարք ռազմավարական ռմբակոծիչներ երկրի եվրոպական հատվածից։

Տու-95-ը ռազմավարական ռմբակոծիչ է, որն արդեն տասնամյակներ շարունակ օգտագործվում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից։