Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել, 3 մարդ զոհվել է

Երևանի Տիչինայի փողոցում այսօր շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է, կա 3 զոհ, հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 14։10, դեպքի վայր են մեկնել ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Դեպքը տեղի է ունեցել «Դեֆանս» էլիտար թաղամասում: «Ազատության» տեղեկություններով, որոնք դեռ պաշտոնապես հաստատված չեն, տեխնիկան, որը վնասվել է, և մարդիկ են զոհվել, պատկանում է «Շինվեկտոր» ընկերությանը:

Տարածքը փակված է, տեղում աշխատում են քննիչները:

Դեպքի վայր մեկնած «Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ ժամը 15:45-ի դրությամբ մահացածների մարմինները դեռ տարածքում էին. հատուկ տեխնիկա էր բերվելու՝ կռունկի կոտրված հատվածը կիսելու և դիերը տակից դուրս բերելու համար: Ժամը 17:15-ի դրությամբ դուրս էին բերվել զոհվածներից երկուսի դիերը, մոտ մեկ ժամ անց՝ նաև երրորդինը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ զոհվածներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ Հայաստանի:


Your browser doesn’t support HTML5

Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել, առնվազն 3 մարդ զոհվել է

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ «շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու (3 դրվագ) դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»: