Երևանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասության ճանաչումը պայմանավորված է Եվրամիությանն անդամակցելու ցանկությամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»։
«Երեք տարի առաջ, երբ Հայաստանը շտապողաբար վավերացրեց Հռոմի ստատուտը, որպես պաշտոնական պատճառ նշվեց սահմանային հակամարտությունների սրման շրջանում երկրի տարածքում կատարված հնարավոր հանցագործությունների հնարավոր միջազգային հետաքննությունը», - ասվում է հայտարարությում։
ՌԴ Անվտանգության խորհուրդը նշել է, թե այդ ժամանակից ի վեր Հայաստանի իշխանությունները չեն դիմել դատարան, որևէ հետաքննություն չեն նախաձեռնել։
«Իրականում, Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալը և դրա իրավասության ճանաչումը ԵՄ անդամակցությանը ձգտող երկրների համար քաղաքական հիմնական պայմաններից մեկն է», - ասվում է գերատեսչության հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ազգային ժողովն ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծըՌԴ ԱԽ-ն նաև նշել է, թե Ռուսաստանի դիրքորոշումը ՄՔԴ-ի վերաբերյալ քաջ հայտնի է. Մոսկվան համարում է, որ «դատարանն ինքը բազմիցս ապացուցել է, որ քաղաքականացված է, կողմնակալ և պատրաստ կատարելու արևմտյան հովանավորների քաղաքական պատվերները»:
ՀՀ իշխանությունները ՄՔԴ-ի կանոնադրությունը վավերացնելու և դատարանի իրավասությունը ճանաչելու որոշումը հիմնականում հիմնավորել են Հայաստանի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտությամբ։
Պաշտոնական Երևանը հիմնավորման մեջ է նույնիսկ շեշտել կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական նոր ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր, իսկ այն վավերացնելուց հետո նաև պատերազմական հանցագործությունները ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կանխարգելիչ և զսպող միջոց կդառնա Ադրբեջանի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվայում «ծայրահեղ թշնամական» քայլ են որակում Հռոմի ստատուտը վավերացնելու Երևանի որոշումը
Ընդհանուր առմամբ Հռոմի ստատուտը ստորագրել է 139 պետություն, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։ Ստատուտի մասնակից են 123 պետություններ։ Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը ստորագրել են այն, սակայն վավերացրել է միայն Վրաստանը՝ 2003-ի սեպտեմբերին։ Իսկ Ռուսաստանը 2016 թվականին չեղարկել է իր ստորագրությունը, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի գործողությունները Ղրիմում որակեց «օկուպացիա»։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ստորագրել։