Ռուսաստանը կրկին հարվածել է Կիևին

Ռուսական ուժերը գիշերը կրկին հարվածել են Կիևին՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ՝ Սոլոմյանսկի շրջանում հրթիռի բեկորներն ընկել են բնակելի շենքի բակում, ավելի ուշ հրդեհ է բռնկվել ուսումնական հաստատության մասնաշենքերից մեկում։ Պեչերսկի շրջանում այրվել է եռահարկ ոչ բնակելի շենք։

Գոլոսեևսկի շրջանում հրթիռի բեկորներն ընկել են հինգհարկանի շենքի տանիքին՝ հրդեհ առաջացնելով, իսկ քաղաքի մեկ այլ հատվածում անօդաչու է ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում։ Գիշերային հարվածների հետևանքով Կիևում զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել։

Կիևի մարզի Բուչայի շրջանում, սակայն, անօդաչուի հարվածից երկու մարդ է տուժել և հոսպիտալացվել։

Ռուսական ուժերը գիշերը հարվածել են նաև Օդեսային։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ վնասվել են բազմաբնակարան շենք և ուսումնական հաստատություն, վեց մարդ է տուժել, նրանցից երկուսը հոսպիտալացված են։

Մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Կիևի վրա ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ էր զոհվել, 26-ը՝ վիրավորվել։