Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու՝ Միջին միջանցքի ամբողջ ներուժի օգտագործումը կարող է Ադրբեջանի տնտեսությանը լրացուցիչ 1,3 միլիարդ դոլար բերել, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում։
Բանկի հաշվարկներով՝ միջանցքի լիարժեք գործարկման դեպքում Ադրբեջանի ՀՆԱ-ն կարող է աճել ևս 1,84 տոկոսով, իսկ զբաղվածությունը՝ 1,5 տոկոսով։
Աճը հիմնականում կապվում է տարանցիկ բեռնափոխադրումներից եկամուտների ավելացման, նավահանգստային ու երկաթուղային ոլորտների զարգացման և Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի հետ առևտրի ընդլայնման հետ։
Համաշխարհային բանկը միաժամանակ նշում է, որ դրա համար միայն ենթակառուցվածքների զարգացումը բավարար չէ․ անհրաժեշտ է արագացնել մաքսային ընթացակարգերը, թվայնացնել լոգիստիկ համակարգերը և շարունակել տրանսպորտային ոլորտի բարեփոխումները։
Զեկույցի համաձայն՝ երկարաժամկետ հեռանկարում Միջին միջանցքի զարգացումը կարող է երթուղու մասնակից երկրների ընդհանուր ՀՆԱ-ն ավելացնել շուրջ 58 միլիարդ դոլարով կամ 3,3 տոկոսով։
Միջին միջանցքը հայտնի է նաև որպես «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի», այն Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ և անցնում է նաև Կասպից ծովով ու Հարավային Կովկասով: Ներկայումս այդ ճանապարհը շրջանցում է Հայաստանն ու անցնում է Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա երթուղով: Սակայն Միջին միջանցքի համատեքստում հաճախ հիշատակվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագիծը: Եթե Հայաստանի ապաշրջափակում տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում Միջին միջանցքը կարող է ունենալ երկու զուգահեռ տարբերակ՝ Վրաստանով և Հայաստանով դեպի Թուրքիա:
Բացի Միջին միջանցքից՝ գոյություն ունեն նույնպես գլոբալ բեռնափոխադրման նաև Հյուսիսային և Հարավային միջանցքներ, որոնցից մեկը Ռուսաստանից է կախված, իսկ մյուսը՝ Իրանից: Երկու երկրների հետ էլ արևմտյան երկրներն ունեն խնդիրներ, հատկապես՝ 2022-ից հետո, ու Միջին միջանցքի դերը բեռնափոխադրման շղթայում մեծանում է: