Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական ոստիկանությունն ուսումնասիրում է Իրանի հնարավոր կապը Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտակայքում բացահայտված ենթադրյալ ահաբեկչական դավադրության հետ:
Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտակայքում, որտեղ ամերիկյան ինքնաթիռներ են տեղակայված, որոնք կիրառվել են Իրանի դեմ պատերազմի ժամանակ, երեկ վաղ առավոտյան հինգ մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով:
Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղացիներից մեկը երեք կասկածելի միկրոավտոբուս և դիմակավորված տղամարդկանց խումբ էր նկատել և զանգահարել էր արտակարգ ծառայություններ:
Ֆեյրֆորդ ավիաբազան խոշոր միջադեպից հետո, Ֆեյրֆորդ, Անգլիա
Քննիչները խուզարկության արդյունքում մեքենաներում հայտնաբերել են նյութեր, որոնք, ըստ հաղորդումների, համապատասխանում են ինքնաշեն պայթուցիկ սարքերի, չնայած ստուգումները շարունակվում են՝ պարզելու, թե արդյոք կասկածելի սարքերից որևէ մեկը կարող էր պայթել:
Միկրոավտոբուսներից մեկը «FUEL 2YOU» մակագրությամբ է եղել, որի վրա նաև նշված է հեռախոսահամար։ Այս անվանումն ունեցում գրանցված ընկերությունը հայտարարել է, որ մեքենան կապ չունի իր բիզնեսի հետ, և որ իր անունը, ըստ երևույթին, օգտագործվել է առանց թույլտվության։
Արդեն այսօր համացանցում տարածված լուսանկարներում հինգ կասկածյալները երևում են առանց վերնազգեստի և ձեռնաշղթաներով: The Guardian-ը նշում է, որ նրանց հագուստը, թերևս, հանել են՝ վստահ լինելու, որ հագուստի տակ չեն թաքցում զենք կամ մահապարտի բաճկոն, չնայած ոստիկանությունը դա չի հաստատել:
Զրահապատ մեքենան պարեկում է Ֆեյրֆորդ ավիաբազայի ներքին հատվածը, 28-տ սեպտեմբերի, 2026թ.
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը զգուշացրել է խուսափել հապճեպ եզրակացություններ անելուց։ Իրանի հնարավոր ներգրավվածության մասին հարցին նա պատասխանել է, որ «դեռ վաղ է մեկնաբանություններ կամ ենթադրություններ անելու համար» և որ դա անելը «անպատասխանատու» կլինի։ Նախարարաը նաև ասել է, որ խոսել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ, և որ Մեծ Բրիտանիան սերտորեն համագործակցում է Միացյալ Նահանգների հետ։
Միջադեպի պատճառով հարևանությամբ գտնվող Ուելֆորդ բնակավայրից երեկ մոտ 85 ընտանիք տարհանվել է, մոտ 400 մետր շաղավղով անվտանգության գոտի է ստեղծվել, մինչ ռումբերի վնասազերծման խմբերը ստուգում են միկրոավտոբուսները: Հետաքննությունը շարունակվում է:
Ոստիկանը հսկում է Ֆեյրֆորդի ավիաբազայի շրջակայքում փակված ճանապարհը, Գլոսթերշիր, 27-ը սեպտեմբերի, 2026 թ.
Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ-ի կողմից երկրում օգտագործվող այլ բազաներում, այդ թվում՝ Լեյքենհիթում և Միլդենհոլում, անվտանգությունն ուժեղացվել է:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը մեղադրել է Իրանին և Ռուսաստանին Մեծ Բրիտանիայի տարածքում իրենց անունից հանցավոր գործողություններ կատարելու համար միջնորդներ օգտագործելու մեջ։
Այս ամսվա սկզբին հրապարակումներ եղան այն մասին, որ անցյալ տարվա ընթացքում բրիտանական ռազմական բազաներն ու կառույցները ավելի քան 300 անգամ թիրախավորվել են անօդաչու թռչող սարքերի կողմից։