Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների ներկայիս վիճակը, ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, հայտնում է Հայաստանի դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են նաև առկա դժվարությունների հաղթահարման հնարավոր ուղիները։ Թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, հայկական կողմը չի մանրամասնում։
Մարտին՝ Իրանի շուրջ ռազմական զարգացումների ֆոնին, Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ Հայաստան-Իրան բեռնափոխադրումների ծավալներում փոփոխություն չի արձանագրվել, իսկ «Ագարակ» անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով։ Ավելի ուշ ՄՊԵԿ-ից հայտնել էին, որ իրանական կողմում պարբերաբար կապի խափանումներ են լինում, ինչի հետևանքով սահմանին կարող են հերթեր առաջանալ։ Կապի բացակայության դեպքում բեռների ձևակերպումն իրականացվում էր թղթային տարբերակով, ինչն ավելի ժամանակատար էր։