Շվեյցարացիները մերժել են երկրի չեզոքությունն էլ ավելի խստացնող առաջարկը

Քաղաքացին երկու քվեաթերթիկ է գցում փոստարկղում՝ փոստով քվեարկելով համազգային քվեարկությունից առաջ, Լոզան, Շվեյցարիա, 19-ը սեպտեմբերի, 2026 թ.

Շվեյցարիայում երեկ անցկացված հանրաքվեի արդյունքում ընտրողների ճնշող մեծամասնությունը մերժել է երկրի դիվանագիտական չեզոքությունն էլ ավելի խստացնելու մասին առաջարկը:

Ընտրողների ավելի քան 70%-ը դեմ է քվեարկել առաջարկին, որը, հաստատվելու դեպքում, եվրոպական այս երկիրը չէր կարող միանալ միջազգային մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ պատժամիջոցների (բացառությամբ ՄԱԿ-ի հաստատածների):

Հանրաքվեով առաջարկվում էր նաև հրաժարվել միջազգային ռազմական դաշինքների հետ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցությունից:

Այսպիսով, եթե նախաձեռնությունը հաստատվեր, Շվեյցարիան ստիպված կլիներ հրաժարվել Ռուսաստանի դեմ Եվրոպական միության կողմից 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական զինուժի ներխուժումից հետո սահմանված պատժամիջոցներից և ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունից (Շվեյցարիան հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ)։

Առաջարկը, որը բացահայտորեն ստացել է Ռուսաստանի աջակցությունը, հանրաքվեի էր դրել աջակողմյան պոպուլիստական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը: Շվեյցարիայի դաշնային կառավարությունն ու մյուս բոլոր խոշոր կուսակցություններն ի սկզբանե դեմ էին արտահայտվել առաջարկին:

Gfs.bern հետազոտական ինստիտուտի համատնօրեն Լուկաս Գոլդերը շվեյցարական հանրային հեռարձակող SRF-ին ասել է, որ շվեյցարացի ընտրողները չեն մերժել Շվեյցարիայի չեզոքությունը, սակայն քվեարկությունը ցույց է տվել, որ Շվեյցարիան կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ «Մարդիկ հստակ պատկերացում ունեն, թե ինչի պետք է հասնի Շվեյցարիան իր չեզոքության միջոցով», - ասել է նա:

Շվեյցարիայի ներքաղաքական հարցերի մեծ մասը որոշվում է տեղական կամ ազգային հանրաքվեների միջոցով, որոնց անմիջականորեն քվեարկում են քաղաքացիները։ Շվեյցարիայի չեզոք կարգավիճակը ամրագրված է Սահմանադրությամբ 1848 թվականից ի վեր։ Պահպանելով չեզոքությունը՝ երկիրը, այնուամենայնիվ, կարող է համագործակցել այլ երկրների և միջազգային դաշինքների հետ՝ իր սեփական անվտանգությունն ամրապնդելու համար։

2022 թվականից սկսած՝ Շվեյցարիան միացել է Եվրոպական միության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեծ մասին՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման հետ: