Հարավային Կորեան Ուկրաինայից պաշտոնական բացատրություն և ներողություն է պահանջում

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը Ուկրաինայից պաշտոնական բացատրություն և ներողություն է պահանջել՝ Հյուսիսային Կորեայի երկու ռազմագերիներին Սեուլ փոխանցելու մասին տեղեկությունը հրապարակելու համար։ Սեուլը պնդում է, որ կողմերը նախապես պայմանավորվել էին այդ տեղեկությունը գաղտնի պահել։

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը նաև «կեղծ» է որակել Կիևի պնդումը, թե գաղտնիության վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել՝ հայտարարելով, որ այդ արձագանքը վնասել է երկու երկրների միջև վստահությանը։ Սեուլը չի բացառել նաև լրացուցիչ քայլերի ձեռնարկումը։

Հարավկորեական կողմի պնդմամբ՝ ռազմագերիների տեղափոխման հարցը Կիևի հետ քննարկվել է տարբեր խողովակներով, և հենց ուկրաինական կողմն է խնդրել գործընթացը գաղտնի պահել։ Սեուլն այդ պայմանին համաձայնել է՝ հաշվի առնելով անվտանգության, դիվանագիտական և հումանիտար նկատառումները, այդ թվում՝ ռազմագերիների և Հյուսիսային Կորեայում գտնվող նրանց ընտանիքների անվտանգությունը։

Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարեց, որ երկու հյուսիսկորեացի ռազմագերիները փոխանցվել են Հարավային Կորեային։

Նախօրեին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կոշտ քննադատել էր Զելենսկուն՝ հայտարարելով, որ Կիևը խախտել է գաղտնիության պայմանավորվածությունը։

Երկու հյուսիսկորեացի զինծառայողները գերեվարվել էին 2025 թվականի հունվարին Ռուսաստանի Կուրսկի մարզում, որտեղ նրանք կռվում էին ռուսական ուժերի կազմում։ Ավելի ուշ նրանք ցանկություն էին հայտնել տեղափոխվել Հարավային Կորեա։