Ռուսաստանը գիշերը հարվածել է Խարկովին և Կիևին․ տասնյակ վիրավորներ կան

Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Խարկովին և Կիևին։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Խարկովում առնվազն 22 մարդ է վիրավորվել, Կիևում՝ ևս չորսը։

Խարկովում վիրավորների թվում առնվազն ութ երեխա կա։

Քաղաքապետ Իգոր Տերեխովի փոխանցմամբ՝ կառավարվող ավիառումբերով հարվածներ են հասցվել քաղաքի Կիևյան և Սալտովյան շրջաններին։ Վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր, իսկ Սալտովյան շրջանում ռումբերից մեկը հարվածել է բնակելի շենքին։

Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածը հասել է շենքի երկրորդ հարկին, ինչի հետևանքով երկրորդ և երրորդ հարկերի մի մասը փլուզվել է։

Կիևում ռուսական գիշերային հարձակման հետևանքով, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով, չորս մարդ է վիրավորվել։

Կիևի Գոլոսեևյան շրջանում անօդաչուն հարվածել է երկհարկանի առանձնատանը, մեկ մարդ վիրավորվել է։ Պեչերսկի և Շևչենկոյի շրջաններում հրդեհներ են բռնկվել գրասենյակային շենքերում, իսկ Օբոլոնյան շրջանում անօդաչուի հարվածից վնասվել է բենզալցակայան։

Ռուսական ուժերը Ուկրաինայի մայրաքաղաքն ու հարակից շրջանները հարվածների էին ենթարկել նաև նախորդ գիշերը։ Սեպտեմբերի 27-ին Կիևում մեկ մարդ էր զոհվել, իսկ մայրաքաղաքի մերձակայքում, նախնական տվյալներով, երկու մարդ էր զոհվել, չորսը՝ վիրավորվել։

Ուկրաինական զինուժն իր հերթին Կրասնոդարի երկրամասում հարվածել է նավթի բազայի, որտեղ հրդեհ է բռնկվել, հաղորդում են տալագրամյան Exilenova+ և Supernova+ ալիքները:

Տելեգրամյան Astra ալիքը նշում է, որ խոսքը Նովոտիտարովսկայա գյուղում գտնվող «Эдельвейс-95» նավթի բազայի մասին է, որը մեծածախ նավթամթերք է վաճառում, այդ թվում՝ AI-92, AI-95 և AI-100 բենզին։

Ընկերության կայքում նշված է, որ այս նավթի բազան կարող է պահեստավորել մինչև 4500 խորանարդ մետր վառելիք։ Այն գործում է ավելի քան 30 տարի և վառելիքը գնում է անմիջապես Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից։

Տեղական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել նավթի բազայի վրա հարձակումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հարվածել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին