«Ուզում եմ՝ Զելենսկին ու Պուտինը պայմանավորվեն»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել պատերազմի ավարտի շուրջ։

«Ես ուզում եմ, որ նա պայմանավորվի Պուտինի հետ, և ուզում եմ, որ Պուտինը պայմանավորվի նրա հետ», - լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատերազմում ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում։

Թրամփը նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները կարող են առաջ շարժվել մոտ ապագայում՝ հնարավոր է մինչև ձմեռ։ Նրա խոսքով՝ և՛ Զելենսկին, և՛ Պուտինը պետք է գնան համաձայնության։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփը նրան առաջարկել է Մոսկվա մեկնել՝ Պուտինի հետ բանակցելու համար։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը, սակայն, հերքել է, որ նման առաջարկ է եղել։

Կրեմլը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումը պետք է կայանա Մոսկվայում, մինչդեռ Կիևը նման տարբերակը չի ընդունում։