ՀԱՀ-ում հրաձգությունից 17 մարդ է զոհվել

Հարավաֆրիկյան Հանրապետության Գաուտենգ նահանգում գտնվող Վեդելա բնակավայրի պանդոկներից մեկում, զինված հարձակման հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները եղել են մի քանիսը, զինված՝ ինքնաձիգներով ու ատրճանակներով։ Նրանք նախ կրակ են բացել պանդոկի դրսում գտնվող մարդկանց ուղղությամբ, ապա մտել ներս և շարունակել կրակել։

Դեպքի վայրում հայտնաբերվել են 13 տղամարդու և 4 կնոջ մարմիններ։

Ոստիկանությունը որոնում է ութ կասկածյալի։ Առայժմ որևէ մեկը չի ձերբակալվել, հարձակման շարժառիթը ևս հայտնի չէ։

Վերջին շրջանում Հարավային Աֆրիկայում մի շարք զանգվածային հրաձգություններ են տեղի ունեցել։ Մի քանի օր առաջ Գաուտենգում մեկ այլ հարձակման հետևանքով 11 մարդ էր զոհվել։