2022-ից հետո առաջին անգամ հանդիպել են Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարները

Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Յոհան Վադեֆուլն ու Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում։

Սա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։ Վադեֆուլն ասել է, որ որոշել է օգտվել երկխոսության հնարավորությունից՝ չնայած երկու կառավարությունների միջև սկզբունքային տարաձայնություններին։

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ նա կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել էսկալացիան, ավարտել պատերազմն Ուկրաինայում և դադարեցնել արևմտյան երկրների դեմ հարձակումները։

Վադեֆուլը նաև բարձրացրել է Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչուի միջադեպը, որի պատասխանատվությունը Բեռլինը վերագրում է Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ դա «կարմիր գծի հատում» էր։

Հանդիպումից հետո Վադեֆուլը հայտարարել է, որ ռուսական կողմի մոտ պատրաստակամություն չի տեսել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների կոչերին արձագանքելու համար։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ավելի քան 20 րոպե տևած հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի շուրջ իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները։

Լավրովը հետագայում հայտարարել է, որ Վադեֆուլը հանդիպման ընթացքում կոչ է արել «զիջումների գնալ ուկրաինական ճակատում» և պայմանավորվածության հասնել Սև ծովի հարցում, սակայն ռուսական կողմը չի ընդունել այդ առաջարկները։

Հանդիպումից հետո Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հեռախոսով զրուցել է Վադեֆուլի հետ։ Նա հայտնել է, որ գերմանացի նախարարը տեղեկացրել է իրեն Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասին։