Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի առաջարկը՝ այն անընդունելի համարելով։

Մեկ օր առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին «կոնկրետ» ծրագիր է ներկայացրել, որով անհրաժեշտ պայմանների կատարման դեպքում նեղուցը կարող էր վերաբացվել յոթ օրվա ընթացքում։

«Ես մերժում եմ նրանց գործարքը։ Նրանք ուզում են, որ նեղուցը անմիջապես բացեն, որովհետև շատ վատ վիճակում են», - լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ առաջարկվող պայմաններն իր համար ընդունելի չեն։

Հորմուզի նեղուցի փաստացի փակումը շարունակում է մնալ ԱՄՆ-Իրան պատերազմի կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկը։ Պատերազմի սկզբում Թեհրանը սահմանափակել էր նեղուցով երթևեկությունը՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների, իսկ Վաշինգտոնը հետագայում ծովային շրջափակում էր սահմանել Իրանի նկատմամբ։

Թրամփը պնդել է, որ Միացյալ Նահանգները «ամբողջությամբ վերահսկում է» Հորմուզի նեղուցը, և որ վերջին մեկ օրվա ընթացքում այնտեղով անցել է 29 նավ։

Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը տեսել է Թրամփի հայտարարությունները, սակայն միջնորդների միջոցով դեռ պաշտոնական պատասխան չի ստացել։ Նրա խոսքով՝ Իրանը սպասում է Վաշինգտոնի վերջնական դիրքորոշմանը և պնդում, որ հակամարտությունը կարող է ավարտվել միայն դիվանագիտական ճանապարհով։