Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան Ֆերֆորդ ավիաբազայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Մեծ Բրիտանիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող Ֆերֆորդ ավիաբազայում անվտանգության միջոցառումներ են խստացվել։ Ոստիկանությունը մի քանի տղամարդու է ձերբակալել պայթուցիկ նյութերի մասին օրենքի խախտման կասկածանքով և տեղի ունեցածը որակել արտակարգ միջադեպ։

Ավիաբազայի հարակից բնակավայրերից մեկում բնակիչներ են տարհանվում , իսկ բանակի մասնագետները ստուգում են մի քանի մեքենա՝ հնարավոր պայթուցիկներ հայտնաբերելու նպատակով։

Ֆերֆորդի ավիաբազան օգտագործում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Բրիտանիայի կառավարությունը Վաշինգտոնին թույլատրել է այնտեղից հարվածներ հասցնել Իրանի հրթիռային դիրքերին, որոնցից, ըստ բրիտանական կողմի, հարձակումներ են իրականացվում Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա։

Դեռ հուլիսին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել էր Լոնդոնին՝ թույլ չտալ ամերիկյան ռմբակոծիչների թռիչքները Ֆերֆորդից։ Դրանից հետո բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկիրը հնարավոր հարձակումներից։

Այսօրվա միջադեպի հանգամանքները դեռ պարզվում են։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրաժարվել են մեկնաբանել անվտանգության կոնկրետ միջոցառումները՝ ընդգծելով, որ շարունակում են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել զինծառայողների և ավիաբազայի անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։