Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալիհին։
Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Միրզոյան-Սալիհ հանդիպումը հաջորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հնչեցրած հայտարարություններին։ Փաշինյանը նախօրեին ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դեռ լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանման, ականազերծման շուրջ համագործակցության և Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձի հարցերը։
«Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին», - հայտարարել էր վարչապետը։