Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային․զոհեր և վիրավորներ կան

Ռուսաստանը գիշերը 173 անօդաչուով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ հաջողվել է խոցել դրանցից 134-ը։ Հարվածների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Զապորոժիեում 2 մարդ է զոհվել։ Քաղաքի կենտրոնական շուկայում հրդեհ է բռնկվել։

Կիևում անօդաչուների հարվածներից հրդեհվել են գրասենյակային շենք և պահեստ։ Մեկ այլ անօդաչու ընկել է բնակելի շենքի բակում, ինչի հետևանքով առաջին հարկում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։ Տարհանվել է 20 մարդ, չորսը՝ վիրավորվել։

Խարկովում ևս չորս մարդ է տուժել, վնասվել է երկհարկանի բնակելի շենք, մեքենա է այրվել։ Օդեսայի մարզում հարվածի հետևանքով երեք մարդ է վիրավորվել, վնասվել են բեռնատարներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Կիևում հարվածել է ուկրաինական բանակին արբանյակային կապով ապահովող տվյալների կենտրոնի։ Մոսկվայի հաղորդմամբ՝ Օդեսայում և հարակից շրջաններում թիրախավորվել են նաև նավահանգստային ենթակառուցվածքներ, կամուրջ, «Նովա Պոշտա» ընկերության լոգիստիկ կենտրոնը և Սև ծովում գտնվող բեռնանավը։