Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության գործընթացը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են երկու երկրների միջև խաղաղության գործընթացը և 2025 թվականի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Կողմերը առևտրային և տարանցիկ համագործակցությունը դիտարկել են որպես խաղաղության գործնական արդյունք, հաղորդում են նախարարությունից։

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են նաև տարբեր միջազգային հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորությունները։

Նախարարների նախորդ հանդիպումը սեպտեմբերի սկզբին Բիշքեկում էր՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։