Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրելով այն ժխտելու մեջ։
Էրդողանին կոշտ քննադատության ենթարկելով՝ Նեթանյահուն նրան մեղադրել է նաև «Համասին» աջակցելու, լրագրողների և ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների ու քրդերի դեմ բռնությունների մեջ։
Նախօրեին Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ևս քննադատել էր Իսրայելին՝ Գազայում ստեղծված իրավիճակի համար և միջազգային հանրությանը կոչ արել ավելի մեծ ճնշում գործադրել Թել Ավիվի վրա՝ Իսրայելի գործողությունները Գազայում բնութագրելով որպես ցեղասպանություն։
Ելույթի ընթացքում Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը հաղթելու է իր բոլոր թշնամիներին։ Նա հատկապես կոշտ է արտահայտվել Իրանի հասցեին՝ այն անվանելով «մարդասպան բռնապետություն» և պնդել, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները թույլ չեն տվել Թեհրանին միջուկային զենք ստեղծել։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իրանի ներկայիս ղեկավարության անկումը «հեռու չէ»։
Նեթանյահուի ելույթը ուղեկցվել է բողոքներով․ նրա խոսքի ընթացքում տասնյակ երկրների պատվիրակներ լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, հնչել են սուլոցներ և դժգոհության բացականչություններ։
Դուրս եկող պատվիրակներին Նեթանյահուն դիմել է՝ «Եթե այստեղ դեռ կան բարոյական վախկոտներ, որոնք չեն հեռացել դահլիճից, խնդրում եմ՝ հեռացեք հիմա»։
Մինչ այդ ՄԱԿ-ի շենքի մոտ ևս բողոքի ակցիա էր ընթանում Իսրայելի քաղաքականության դեմ։