Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած տեղեկատվությունը, որպես կանխարգելում, հորդորել է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։
«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր», - խորհուրդ է տվել ՀՎԿԱԿ-ը:
Այս նախազգուշացումը հաջորդում է երեկ Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարի խոշոր վթարին, որի հետևանքով Երևանում ու հարակից մարզերում հարյուր հազարավոր բնակիչներ մնացել էին առանց ջրի:
Վթարից ժամեր անց ջրամատակարար «Վեոլիա Ջուրը» հայտնեց. - «Նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն»:
Որոշ սպառողներ օրվա ընթացքում բողոքում էին ջրի վատ հոտից ու պղտոր գույնից:
Խոշոր վթարից հետո ջրամատակարարումը մինչ այս պահը լիովին չի վերականգնվել, Երևանի որոշ հասցեներում դեռ ջուր չկա կամ խափանումներով է, իսկ վթարի վայրում վերականգնողական աշխատանքները դեռ շարունակվում են: