Պայթյունից զոհված զինծառայողը Շիրակի մարզից էր, 23 տարեկան

Այսօր պայթյունից զոհված պայմանագրային զինծառայողը Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից էր: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց գյուղի վարչական Գևորգ Մարտիրոսյանը:

Դմիտրի Կյուրեղյանը 23 տարեկան էր: Նրա կրտսեր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող է:

Վարչական ղեկավարն ասաց՝ ողբերգական դեպքի մանրամասներին չի տիրապետում: Մարտիրոսյանի տեղեկություններով՝ զինծառայողի մարմինը հավանաբար վաղը կտեղափոխեն գյուղ:

Զինվորի մահվան մասին Պաշտպանության նախարարությունն այսօր կեսօրին հաղորդեց: Բայց դեպքից ժամեր անց էլ ոչ ռազմական գերատեսչությունը, ոչ էլ մահվան հանգամանքներն ուսումնասիրող Քննչական կոմիտեն չեն հստակեցրել՝ ի՞նչ պայթյուն է եղել, որտե՞ղ՝ զորամասո՞ւմ, թե՝ դրանից դուրս: Չի հստակեցվում նաև հարցը, թե արդյոք զինվորը կյանքին վերջ է տվել նռնակի միջոցով, ինչպես մամուլում է շրջանառվում:

Հայտնի է միայն, որ Քննչականում վարույթ է հարուցվել, բայց թե ի՞նչ հոդվածով, դա ևս չեն բացահայտել:

Այս դեպքից առաջ այս տարվա ութ ամիսներին ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 14 զինծառայող է մահացել: