Հայաստանի կառավարությունը 238 հազար դոլար՝ 87 միլիոն դրամ կծախսի Հակակոռուպցիոն կոմիտեի հինգերորդ տարեդարձի առթիվ կոմիտեի աշխատակիցներին պարգևատրելու համար։
«Կոմիտեի կազմավորման հինգերորդ տարեդարձը կարևոր հանգրվան է կառույցի ինստիտուցիոնալ կայացման, անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների և ձեռքբերված արդյունքների արժևորման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվում է նաև Կոմիտեի ծառայողների և աշխատողների մասնագիտական ներդրման, պատասխանատու աշխատանքի և իրենց վերապահված գործառույթների պատշաճ իրականացման խրախուսումը»,- նշված է որոշման հիմնավորումներում։
87 մլն դրամը կուղղվի կոմիտեի ծառայողների ու աշխատողների պարգևատրմանը, «մասնագիտական ներդրումը գնահատելուն ու հետագա գործունեության խրախուսմանը»։
Գումարը կոմիտեին կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։